Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանությունները Արևմուտքին ազդակներ են փոխանցել, թե նոր Ընտրական օրենսգիրքը կազմվելու է արդար եղանակով՝ լրագրողներին ասել է Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ «Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին ասել եմ՝ հաջորդ ընտրությունները դիտարկեք որպես հնարավորություն՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը՝ քաղաքական, ժողովրդավարական և տնտեսական առումներով: Հիմք ընդունելով իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների հետ իմ զրույցները՝ կարող եմ ասել, որ ընդհանուր հենք եմ տեսնում: Բազմաթիվ ազդակներ եմ տեսնում, որ Ընտրական օրենսգիրքը կազմվելու է շատ արդար, արհեստավարժ և պատասխանատու եղանակով»,- ասաց եվրոպացի դիվանագետը։
Հարցին՝ եթե 2017-ի ընտրությունները անցնեն ընտրախախտումներով, կազդի՞ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, դեսպան Սվիտալսկին պատասխանեց. «Եվրամիության օրակարգը դրական է, և հավատում ենք ու հույս ունենք, որ հաջորդ՝ 2017-ի ընտրությունները կանցկացվեն լավ Ընտրական օրենսգրքի հիման վրա, որը կարտացոլի ԵԱՀԿ առաջարկությունները և լայնորեն կբանակցվի ԱԺ-ում: 2017-ի ընտրությունները ամուր, իրավական, եվրոպական հիմքերի վրա անցկացնելը լուրջ ազդակ կհաղորդի Հայաստանի հետագա զարգացմանը: Մենք դրական ենք տրամադրված»: